AM
29 Հունիս 2006 - 10:53 AMT

Լ.Պլատվոետն առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի մասնակցությամբ

Հայաստանի խորհրադարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը ԵԽԽՎ-ի Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում կորած անձանց հարցերով զեկուցող, Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Լեո Պլատվոյետի հետ հանդիպման ժամանակ քննարկեց նրա վերջերս տարածաշրջան կատարած այցի արդյունքները: Նա գոհունակություն հայտնեց, որ պարոն Պլատվոյետը համաձայնել էր այցի ընթացքում հանդիպել է ԼՂՀ հանձնաժողովի եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող համապատասխան հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարներին եւ տարածաշրջան այցի ժամանակ հարազատ է մնացել անհայտ կորածների խնդիրը չքաղաքականացնելու մոտեցմանը եւ պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցել զեկույցի բոլոր ջանքերին, որոնք ուղղված են այդ կարեւոր, մարդասիրական խնդրի լուծմանը: Լեո Պլատվոյետը նշեց, որ իր կարծիքով օգտակար կլինի այցելել Լեռնային Ղարաբաղ եւ Աբխազիա:
Պարոն Պլատվոյետը առաջարկեց անհայտ կորած հայերի ցուցակները տրամադրել, որպեսզի փորձ արվի որոնումներ կազմակերպել Ադրբեջանում` գտնելով նրանց, ովքեր գուցե դեռ ողջ են: Անհայտ կորածների որոնման աշխատանքներին աջակցելու նպատակով Լ.Պլատվոյետին առաջարկվեց Կարմիր խաչի հովանու ներքո ստեղծել աշխատանքային խումբ բոլոր կողմերի մասնակցությամբ, պարոն Պլատվոյետը առաջարկը ընդունեց: ՀՀ ԱԺ խոսնակը պատրաստակամություն հայտնեց համակողմանի աջակցություն ցուցաբերել զեկույցի նախապատրաստման առումով, որը ուղղված կլինի այդ կարեւոր մարդասիրական խնդրի լուծմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: