Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, հունիսի 28-ի առավոտյան ԼՂՀ պաշտոնատար անձինք ելույթ ունեցան Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտում կազմակերպված «Ղարաբաղյան հակամարտություն` խաղաղության նախադրյալներ» թեմայով միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, ռազմավարական կենտրոնների ու կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի անդամներ: Աշոտ Ղուլյանն ու Գեորգի Պետրոսյանը ներկայացրեցին ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, անդրադարձան հակամարտության պատմությանն ու խաղաղ կարգավորման ներկա փուլին: ԼՂՀ խորհրդարանի նախագահը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման ու կայացման իրավական եւ պատմական հիմնավորումները` ընդգծելով դրանց համապատասխանությունը միջազգային նորմերին եւ փորձին: Անդրադառնալով տարածաշրջանային ներկա զարգացումներին` Աշոտ Ղուլյանը նշեց, որ ԼՂՀ-ն հասկանում է ԱՄՆ եւ այլ երկրների կենսական շահերը Հարավային Կովկասում, միաժամանակ ակնկալում է իր շահերի ըմբռնումը այդ երկրների կողմից:
ԼՂՀ ԱԳ նախարարը իր խոսքում ընդգծեց, որ բանակցությունների ներկա ձեւաչափը չի արտահայտում հակամարտության իրական պատկերը, քանի որ ադրբեջանական կողմը հրաժարվում է բանակցել ԼՂՀ-ի հետ: Գեորգի Պետրոսյանը նշեց, որ նույն կերպ Ադրբեջանը 1988 թ.-ից հիմնախնդրի իրավական լուծման հնարավորությունը խեղաթյուրեց ձգձգվող էթնո-քաղաքական հակամարտության: Վերջում ԼՂՀ պատվիրակությունը պատասխանեց ներկաների տարաբնույթ հարցերին:
Այնուհետեւ ԼՂՀ պատվիրակությունը ԱՄՆ Կոնգրեսում հանդիպում ունեցավ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա ծրագրերի ֆինանսավորման ենթահանձնաժողովի ավագ անդամ, կոնգրեսական Նիտա Լոուի հետ: Հանդիպման ընթացքում ԼՂՀ պատվիրակությունը ներկայացրեց ԼՂՀ առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, Արցախի ժողովրդավարական ձեռքբերումներն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները:
Օրվա երկրորդ կեսին ԱՄՆ Կոնգրեսի Կապիտոլիի շենքում կայացավ ընդունելություն` ի պատիվ ԼՂՀ պատվիրակության: Ընդունելությանը մասնակցում էին ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը, Ամերիկայի հայկական համագումարի եւ Ամերիկայի հայկական ազգային հանձնախմբի ղեկավարությունը, Կոնգրեսի աշխատակիցներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ: Միջոցառմանը ելույթ ունեցան կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջո Նոլենբերգը, Էդվարդ Ռոյսը, Քերոլին Մալոնին, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ ջերմորեն ողջունեցին ԼՂՀ ԱԺ նախագահին ու արտաքին գործերի նախարարին: Դատապարտելով Ադրբեջանի վարած հակահայկական ագրեսիվ քաղաքականությունը` Կոնգրեսի անդամները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել զորակցությունը ԼՂՀ կայացմանն ու զարգացմանը: Իրենց խոսքում Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները Արցախի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ Կոնգրեսին եւ ամերիկյան ժողովրդին` ազատության եւ ժողովրդավարության արժեքների հաստատման, ինչպես նաեւ ԼՂՀ-ին ցուցաբերվող ԱՄՆ մարդասիրական օգնության համար: «Արցախը գիտակցաբար է ընտրել ազատության եւ ժողովրդավարության ճանապարհը, եւ որեւէ խոչընդոտ չի շեղի նրան այդ ուղուց»,- եզրափակեց ԼՂՀ ԱԺ նախագահը:
Միջոցառման ավարտից հետո ԼՂՀ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնի ու Ջո Նոլենբերգի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԼՂՀ-ում տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումներին, ԱՄՆ կողմից ԼՂՀ-ին տրամադրվող օժանդակության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերին:





