AM
29 Հունիս 2006 - 13:15 AMT

ԱՄՆ Սենատում դիտարկել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Րիչարդ Հոգլանդի թեկնածությունը

Երեկ ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցով կոմիտեն դիտարկել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Րիչարդ Հոգլանդի թեկնածությունը, հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումար: Լսումների ժամանակ սենատոր Ջորջ Ալենը հայտարարեց, որ ԱՄՆ աշխատակազմից ոչ ոք չի հերքում հայերի հետ կատարված ողբերգությունը: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան կատարած այցը Երեւանում ազդել է իր վրա, սակայն միեւնույն ժամանակ ավելացրեց, որ ներկայացնում է ԱՄՆ իշխանությունների դիրքորոշումները: Պատասխանելով սենատոր Ալենի հարցին այն կապակցությամբ, թե արդյոք նա ստացել Հայոց ցեղասանության վերաբերյալ հատուկ հրահանգներ` Հոգլանդը հայտարարեց, որ որեւէ հրահանգ չի ստացել. «Մեր ասված ամեն բան պետք է համապատասխանի աշխատակազմի քաղաքականությանը»:

Իր հերթին, սենատոր Նորմ Քոլմանը հայտարարեց, որ հասկանում է դրության ողջ բարդությունը, որում հայտնվել է Հոգլանդը, ով չի կարող «արտաբերել ցեղասպանություն բառը»: Նա հույս է հայտնել, որ Ցեղասպանությունը կճանաչեն` նշելով, որ «անհնարին է նայել դեպի ապագա` մերժելով անցյալը»: Պատասխանելով Քոլմանի հարցին` Թուրքիայի կողմից Հայաստանի մեկուսացման վերաբերյալ, Րիչարդ Հոգլանդը հայտարարեց, որ կաջակցի երկու երկրների միջեւ ընթացող բանակցություններին` նշելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առաջնայնությունը:

Իր հայտարարությունում Րիչարդ Հոգլանդը ընդգծել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի կապերի ամրապնդման կարեւորությունը` ավելացնելով, որ եթե իր թեկնածությունը հաստատվի, նա կաշխատի ժողովրդավարական եւ սոցիալական բարեփոխումների ուղղությամբ: