Անցյալ տարվա նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ այդ կազմակերպության մշտական խորհրդում զեկույցով այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը հակված են բանակցային փուլից անցնելու որոշում կայացնելու փուլին եւ, որ 2006 թվականին պատմական հնարավորություն կա հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հունիսի 22-ի հայտարարության մեջ: Միջնորդները նշում են, որ «վերջին 7 ամսվա ընթացքում մենք ակտիվացրել ենք մեր միջնորդական աշխատանքները եւ ջանք չենք խնայել այն բանի համար, որ երկու կողմերը համաձայնության գան հարցի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: Մենք միասին երեք անգամ այցելել ենք Բաքու եւ Երեւան եւ մի քանի անգամ առանձին հանդիպումներ ենք ունեցել, կազմակերպել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկու հանդիպում եւ երկու բարձր մակարդակի հանդիպում նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ` առաջինը փետրվարին Ռամբույեում, իսկ երկրորդը հունիսի սկզբին Բուխարեստում»:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ առաջին անգամ սկսած 1997 թ. համանախագահող երկրների ներկայացուցիչները փոխարտգործնախարարների մակարդակով համատեղ այց կատարեցին տարածաշրջան, որպեսզի ցույց տան երկու երկրների նախագահներին, որ 2006թ. հնարավորությունների անհրաժեշտ պատուհան է բացվում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար: «Փաստորեն, պատվիրակությունը, որի կազմում են եղել Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը եւ բարձրաստիճան ֆրանսիացի դիվանագետ Պյեր Մորելը, որը ներկայացնում էր Ֆրանսիայի արտգործնախարարության քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլավ Լաբուլյեին, հաղորդել է երկու երկրների նախագահներին, որ համանախագահող երկրներն ակնկալում են, որ նախագահները կօգտագործեն կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը հունիսի սկզբին Բուխարեստում կայանալիք հանդիպմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշում են, որ եթե հնարավոր լինի համաձայնության հասնել հիմնական սկզբունքների շուրջ մինչեւ «Մեծ ութնյակի» հուլիսին Սանքտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովը, դա լայն միջազգային աջակցություն եւ մեծ ֆինանսական նպաստ կապահովի հետկոնֆլիկտային վերականգնողական եւ խաղաղապահ գործունեության համար: «Ինչպես միշտ, մենք ընդգծել ենք մեր երկրների եւ միջազգային հանրության համոզվածությունը, որ հարցի խաղաղ լուծումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է: Ավելին, նշել ենք, որ երկու երկրների ղեկավարները պետք է իրենց ժողովրդներին պատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:





