Ռուսաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում (ԵԽՆԿ) պետք է դրական արդյունք տա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ԵԽՆԿ ներկա նախագահ, Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն:
Նրա խոսքերով, այս հարցում հիմնական մասնակիցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Հակամարտության կարգավորման հարցում, առաջին հերթին, պետք է պայմանավորվեն Հայաստանն ու Ադրբեջանը: Մինսկի խումբը կանի հնարավոր ամեն ինչ Ղարաբաղյան հարցում փոխզիջումներ գտնելու համար: Բանակցություններում, հիմնականում, չեն կարողանում կարգավորվել 2-3 հիմնական սկզբունքներ: Մենք պաշտպանում ենք պետությունների ղեկավարների հանդիպումների անցկացումը հակամարտության կարգավորման հարցով: Չնայած բանակցություններում առաջընթացի բացակայությանը, ուրախացնում է այն, որ կողմերից ոչ մեկը ետ չի կանգնում հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհից»,- ասել է Գրուշկոն, հայտնում է ԵԽԽՎ հաղորդակցության ծառայությունը:





