AM
4 Հուլիս 2006 - 10:00 AMT

ԵԱՀԿ դիտարկումը Ղարաբաղում հաստատեց ադրբեջանական կողմից խոտի հրկիզման փաստերը

Հուլիսի 3-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նոտայի համաձայն` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, Աղդամ-Գինդարխ ճանապարհի վրա եւ Նովրուզլու բնակավայրի շրջանում անց է կացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) Անջեյ Կասպշիկը: Խմբի կազմում էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Փիթեր Քիին (Մեծ Բրիտանիա) եւ Գյունթեր Ֆոլկը (Գերմանիա): Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցի համապատասխան, սակայն ինչպես որ նախկինում, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջին գիծը: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

ԵԱՀԿ դիտարկման խմբին ուղեկցող` ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները նշել են, որ ի հակառակ ԼՂՀ անվտանգության գոտում գտնվող բնակավայրերի հրկիզումների մասին ադրբեջանական կողմի պնդումների, դիտարկման մասնակիցները այդպիսի փաստեր չեն հայտնաբերել: Չեզոք գոտու մի հատվածում հայտնաբերվել է կրակ, որը քամու պատճառով տարածվելով, մոտենում էր ԼՂՀ կողմից վերահսկվող տարածքին, ինչն էլ հաստատում է ավելի վաղ ղարաբաղյան կողմից հնչեցված այն վարկածը, թե հրկիզումները կատարում են մարտական հերթապահություն կրող ադրբեջանցի զինվորները: Շփման գծի տարբեր հատվածների դիտարկումներ են անց կացվելու նաեւ հուլիսի 4-ին եւ 5-ին:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի 15-ին ԼՂՀ արտգործնախարարությունը դիմել էր ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյալ, խնդրելով դիտարկում անցկացնել Ադրբեջանի սահմանամերձ գոտում` իրավիճակին իրական գնահատական տալու նպատակով եւ ԼՂՀ կողմից վերահսկվող տարածքների սահմանամերձ բնակավայրերում իբր տեղ գտած հրկիզումների վերաբերյալ Բաքվի մեղադրանքների մտացածին բնույթն ապացուցելու համար: