Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի հիմք են կազմում խորհրդակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունների միջեւ, այլ ոչ թե նախագահների: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն: Նա «զարմացած է» ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությամբ, որտեղ «կրկին շեշտը դնում են նախագահների հանդիպման անհրաժեշտության վրա` որպեսզի նրանք վերցնեն նախաձեռնությունն իրենց ձեռքը»: «Սակայն մեզ բոլորիս լավ հայտնի է, որ բանակցային գործընթացի հիմք են կազմում շփումները եւ բանակցությունները արտգործնախարարների միջեւ: Նրանք պետք է քննարկեն հարցերի ողջ շրջանակը, հիմք մշակեն նախագահների ապագա հնարավոր հանդիպման եւ քննարկումների համար»,-ասել է Թ.Թաղիզադեն: Միեւնույն ժամանակ նա նշել է մոտեցումների նույնությունը, որ նկատվել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության եւ պաշտոնական Բաքվի մոտեցման միջեւ, որը նույնպես հանդես է գալիս հակամարտության փուլային լուծման օգտին»:





