AM
8 Հուլիս 2006 - 10:45 AMT

«Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման համար կտրամադրվի 30 մլն դոլարի վարկ

«Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման համար Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Ներդրումների եւ զարգացման գերմանական ընկերությունը (ՆԶԳԸ) կտրամադրեն 30 մլն դոլարի վարկ: Ինչպես հաղորդել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Գայանե Դավթյանը, վարկը կտրամադրվի 7 տարի ժամկետով, եւ, հիմնականում, կուղղվի ուղեւորների սպասարկման որակի բարելավմանը: Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի կառավարության եւ արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքած պայմանագրի, «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարի ժամկետով հանձնվել է կոնցեսիոն կառավարման «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը: Օդանավակայանը կառավարող ընկերությունը նախատեսում է 30 տարվա ընթացքում 253 մլն դոլարի ներդրումներ կատարել, որի արդյունքում օդանավակայանի կարգը D-ից կբարձրանա մինչեւն B կարգը, ինչը թույլ կտա դարձնել այն տարանցիկ: 2006 թվականի սեպտեմբերին արդեն շահագործման կհանձնվի «Զվարթնոցի» ժամանման սրահը, որը օրեկան կսպասարկի շուրջ 1000 ուղեւորի: Սպասարկման նոր սրահը ամբողջությամբ պատրաստ կլինի 2007 թվականի մայիսին: Տերմինալի շինարարության վրա կծախսվի 63 մլն դոլար եւ տարեկան այն կսպասարկի 2 մլն ուղեւորի: Բացի այդ, նախատեսվում է մինչեւ 2011 թվականը կառուցել նաեւ ուղեւորների գրանցման սրահ, որից հետո այժմ գործող օդանավակայանի գործառույթները կիրականացվեն նոր շենքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: