AM
12 Հուլիս 2006 - 10:11 AMT

Եվրախորհրդարան. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ սեպտեմբեր

Եվրախորհրդարնի արտաքին հարաբերությունների կոմիտեում հետաձգվել է «Թուրքիայի առաջընթացն անդամակցության ուղղությամբ» բանաձեւի ընդունման վերաբերյալ հուլիսի 12-ին կայանալիք քվեարկությունը, հաղորդում է Եվրոպայի Հայկական դաշնությունը: Հիմնական պատճառը որոշ ուղղումների ուշացումով կատարված թարգմանությունն էր, որոնք մի շարք քաղաքական խմբերի են ներկայացվել միայն երկուշաբթի երեկոյան, եւ նրանց ժամանակ չի մնացել քվեարկությանը նախապատրաստվելու համար: Այդպիսով, քվեարկությունը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի առաջին շաբաթը: Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում: Հիշեցնենք, որ օրերս Եվրախորհրդարանի հիմնական քաղաքական խմբերի ներկայացուցիչները արտահայտվեցին Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների օրակարգում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կետն ընդգրկելու օգտին: Պատգամավորները, մասնավորապես, կողմ են, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Անկարայի կողմից առանց նախապայմանի Հայաստանի շրջափակման վերացման հարցերը ամրագրված լինեն Բրյուսելի հետ բանակցությունների շրջանակներում` որպես նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: