AM
13 Հուլիս 2006 - 10:59 AMT

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի ինն անդամները դեմ են Ջոն Էվանսին ետ կանչելու որոշմանը

Վիսկոնսին նահանգից սենատոր, դեմոկրատ Ռասսել Ֆեյնգոլդը դարձավ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի իններորդ անդամը, որը պարզաբանումներ պահանջեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելու որոշման եւ Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքականության վերաբերյալ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամը գրավոր հայտարարություն է արել, որտեղ ասվում է. «Այն, որ վարչակազմը շարունակում է չճանաչել այդ ողբերգական իրադարձությունները, անհանգստացնում է ինձ եւ նրանց, ովքեր համակարծիք են, որ մենք պետք է բացահայտ խոսենք մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանության մասին եւ պատասխանատվություն պահանջենք դրանց համար»:

Հայտարարությունն ընթերցվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդին հաստատելու շուրջ հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ: Սենատոր Ֆեյնգոլդը հարցրել է նաեւ Ռ.Հոգլանդին թե նա ինչ է մտածում Ջոն Էվանսի պաշտոնանկության պատճառների մասին, ինչպիսին է ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում եւ որոնք են դեսպանների համար թույլատրելի սահմաններն այս հարցում: Սենատորը նաեւ հետաքրքրվել է, թե թեկնածուն ինչ է մտածում հայ-ամերիկայն հարաբերությունների սառեցման հնարավորություն մասին Էվանսին ետ կանչելու պատճառով, եւ ինչ է Ռ.Հոգլանդը մտադիր ասել ԱՄՆ հայ համայնքին, որը շատ հիասթափված է այս իրադարձություններից, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: