ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ կողմից համանախագահ Մեթյու Բրայզան Երեւան եւ Բաքու է ժամանելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նոր առաջարկները քննարկելու համար, լրագորղներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: «Մեզ հայտնել են, որ նա մի շարք նոր գաղափարներ ունի, որոնք ցանկանում է քննարկել»,- ասել է Է. Մամեդյարովը: Նրա խոսքերով, Մ. Բրայզան տարածաշրջանում է լինելու հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը:
Միեւնույն ժամանակ, Է. Մամեդյարովը նշել է, որ եթե առաջարկություններում, որոնք ամերիկացի միջնորդը իր հետ կբերի, ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները առաջ տանելու հնարավորություններ գտնի, ապա Բաքուն պատրաստ կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ-ների ղեկավարների նոր հանդիպում կազմակերպելուն:
«Մենք հիմնական սկզբունքների վրա աշխատում ենք արդեն երկու տարի: Դրանց մեծ մասը մենք արդեն համաձայնեցրել ենք: Սակայն, որոշակի լուրջ խնդիրներ են մնում, եւ եթե Մ. Բրայզան ժամանի գործընթացը տեղից շարժելու ընդունակ նոր գաղափարներով, մենք պատրաստ կլինենք շարունակել գործընթացը: Եթե պետք լինի, ապա կարելի է նաեւ հանդիպում կազմակերպել»,- ասել է ադրբեջանցի նախարարը, հայտնում է Ինտերֆաքսը:





