AM
18 Հուլիս 2006 - 11:03 AMT

ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Սենատին դադարեցնել Ռիչարդ Հոգլանդի թեկնածության քննարկումը

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Ռիչարդ Հոգլանդը հերքում է Հայոց ցեղասպանությունը եւ նրա իրարամերժ պատասխանները սենատորների հարցերին` Հայաստանում դեսպան Ջոն Էվանսի հետ կանչման վերաբերյալ ԱՄՆ նախագահի աշխատակազմի բացատրություններ տալու հրաժարվելու ֆոնի վրա` Ամերիկայի Հայ Դատի հանձնախումը հանդես է եկել հայտարարությամբ, որում բողոք է հայտնվում ՀՀ-ում դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության առաջադրման դեմ:

Ինչպես նշվում է ANCA-ի հայտարարությունում, «Ռիչարդ Հոգլանդն ինքն իրեն վարկաբեկել է: Դեսպանի պաշտոնում նրա թեկնածության հաստատման գործընթացի ժամանակ նրա գործողությունները ցույց տվեցին, որ նա չի կարող արդյունավետ կերպով ներկայացնել ԱՄՆ շահերն ու ամերիկյան արժեքները: Մասնավորապես, նա պնդել է, որ Հայոց ցեղասպանությունը չի կարող որակվել որպես «ցեղասպանություն»: Նա նաեւ հայտարարեց, որ հայ ժողովրդի ողբերգության որոշման հարցը պետք է ոչ թե կարգավորվի քաղաքական մակարդակով, այլ գիտական եւ հասարակական:

Այդ պատճառով ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Սենատին դադարեցնել Հոգլանդի թեկնածության քննարկումը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում»: