Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Լիբանանում ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին եւ ընդհանուր առմամբ, հայազգի մեր հայրենակիցներին հնարավոր աջակցություն ցուցաբերելուն: Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, իրավիճակը տարածաշրջանում մտահոգիչ է: Այնտեղ բնակվում են մեծ թվով հայեր, այդ թվում` ՀՀ քաղաքացիներ եւ ստեղծված իրավիճակում մեր հայրենակիցներին պետական հնարավոր աջակցություն ցուցաբերելը անհրաժեշտ է: Հայաստանի Փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է տարածաշրջանում վերջին զարգացումների եւ մեր հայրենակիցների վիճակի վերաբերյալ, նշելով, որ երկուշաբթի օրվանից շուրջօրյա հերթապահություն է սահմանված Լիբանանի եւ Սիրիայի դեսպանություններում, նաեւ Հալեպի գլխավոր հյուպատոսությունում: Լիբանան եւ Սիրիա է գործուղվել լրացուցիչ երկու դիվանագետ, որոնք զբաղվելու են ՀՀ քաղաքացիների տեղափոխման եւ այլ խնդիրների` Լիբանանից Սիրիա մեկնած քաղաքացիներին տեղում ժամանակավորապես` մինչեւ Հայաստան ժամանելը, կեցության, սննդի եւ այլ անհրաժեշտ հարցերում օժանդակելու նպատակով: Նա զեկուցել է, որ ՀՀ 160 քաղաքացի արդեն իսկ Լիբանանից Սիրիայի ճանապարհով ժամանել է Երեւան, ՀՀ արտգործնախարարության նախնական տվյալներով, 120 հազարանոց հայ համայնքում մոտ 1200 ՀՀ քաղաքացի կա: Այդ թվերը, սակայն, վերջնական ճշգրտման կարիք ունեն: Ղարիբջանյանը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ մեկնել ցանկացող Լիբանանի ծագումով հայ քաղաքացիներին, ինչպես նաեւ Լիբանանում գտնվող օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող եւ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներին անվճար եռամսյա մուտքի արտոնագիր տրամադրելու հանձնարարական է տրվել Լիբանանի եւ Սիրիայի դեսպանություններին ու Հալեպի գլխավոր հյուպատոսությանը: Սիրիական սահմանի վրա այժմ կան մեծ կուտակումներ, որոնց հետ կապված հանձնարարական է տրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին` տեղում օպերատիվ անհրաժեշտ աշխատանք իրականացնել: Իր հերթին, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանն իր հերթին ներկայացրել է դեպի Սիրիա իրականացվող չվերթերի, անհրաժեշտության դեպքում նաեւ արտահերթ չվերթերի կազմակերպման հնարավորությունները: Նա նշել է, որ Երեւանից դեպի Բեյրութ չվերթեր ներկայումս չեն իրականացվում, իսկ Սիրիա իրականացվող չվերթերը, թերեւս, անհրաժեշտ կլինի ավելացնել:
Բացի այդ, ինչպես հայտնել է Գեղամ Ղարիբջանյանը,թեժ գիծը բացված է, եւ 58-60-17 հեռախոսահամարով այն գործելու է ամեն օր, ժամը 9:00-21:00-ն: ՀՀ վարչապետը հանձնարարել է`բանակցություններ վարել «Արմավիա» ընկերության հետ` Սիրիա կանոնավոր – ոչ կանոնավոր առ-տրային չվերթեր կազմակերպելու ուղղությամբ` անհրաժեշտության դեպքում` ՀՀ կառավարության կողմից ֆինանսական մասնակի փոխհատուցում տրամադրելով: ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է` ՀՀ առողջպահության նախարարության հետ կազմակերպել Լիբանանից Սիրիայով Երեւան ժամանողներին հարկ եղած դեպքում բուժօգնություն, այդ թվում` հոգեբանական ծառայություն մատուցելու աշխատանքները, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:





