AM
22 Հուլիս 2006 - 11:11 AMT

ԱՊՀ պետությունների ղեկավարները քննարկում են Համագործակցության բարեփոխմանը վերաբերող հարցեր

Բացելով հանդիպումը, Ռուսաստանի նախագահն ասել է, թե տեղյակ է, որ նախագահը առաջարկներ է նախապատրաստել կազմակերպության զարգացման վերաբերյալ: Պուտինն առաջարկեց այդ հարցի վրա էլ կենտրոնանալ: Պուտինը խոսքը փոխանցեց ԱՊՀ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին: Ղազախստանի նախագահը հիշեցրեց, որ նախօրեին դեսպանատան միջոցով տարածվել է այն նախագիծը, որը նա ցանկանում է դնել քննարկման: «Դա առաջարկներից մեկն է: Բոլորը կարող են լրացումներ անել»,-պարզաբանել է նա: «Բարեփոխման նպատակը մեկն է` հասնել այն պարամետրերին, որոնք կգոհացնեն մեզ բոլորիս եւ պետությունները չեն համարի իրենց ինչ-որ բանից զրկված»,-հայտարարել է Նուրսուլթան Նազարբաեւը: Ռուսաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց հանդիպման բոլոր մասնակիցներին այն բանի համար, որ նրանք հնարավոր են համարել նախօրեին ժամանել Մոսկվա եւ մասնակցել ոչ պաշտոնական հանդիպմանը: Պուտինը նկատել է, որ երեկ երեկոյան գագաթնաժողովի մասնակիցները հնարավորություն են ունեցել խոսել բացարձակապես ոչ պաշտոնական մթնոլորտում: Նրա խոսքերով, Կրեմլում կայացած հանդիպումից հետո ԱՊՀ առաջնորդները կշարունակեն քննարկումները Կրեմլից դուրս, կանդրադառնան երկկողմ եւ բազմակողմ հարցերին: Մասնավորապես, ԱՊՀ առաջնորդները ներկա կգտնվեն ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նշենք, որ Հայաստանի նախագահը չկարողացավ մասնակցել ԱՊՀ պետությունների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովին հիվանդության պատճառով: