Լուիզա Պողոսյանը ցեղասպանությունը միֆ չի անվանել: Նա ընդամենը ցանկանում էր ասել, որ միֆ է այն համոզմունքը, թե թուրքերի կողմից չճանաչված ցեղասպանությունը խանգարում է հարաբերությունները զարգացնել Թուրքիայի հետ: Այդ մասին է ասվում Հարավկովկասյան այլընտրանքի ադրբեջանցի մասնակից Ալեքպեր Ալիեւի նամակում, որը ստացել է PanARMENIAN.Net գործակալությունը: Ինչպես արդեն հաղորդվել է, Ալիեւը խեղաթյուրել է www. southcaucasus.com կայքի խմբագիր Լուիզա Պողոսյանի ելույթի տեքստը` Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ներկայացուցիչների վեցակողմ հանդիպմանը Երեւանում: Ալիեւի մեկնաբանությամբ Լ.Պողոսյանի խոսքերն այսպես էին հնչում. «Ցեղասպանության մասին առասպելը, որով մեզ կերակրում են, հայկական հանրությանը բարդույթավորված եւ հիվանդ է դարձրել: Մենք մեր երեխաներին դաստիարակում ենք թուրքերի հանդեպ ատելությամբ: Այս դեպքում, թուրքերր մեր համար Թուրքիան է եւ Ադրբեջանը: Մեզ ասում են, որ մենք հաղթել ենք պատերազմում, բայց իրականում տանուլ է տվել մեր ողջ տարածաշրջանը, եւ մասնավորապես, մենք: Ոչ մի զարգացում չկա, ոչ մի լավ բան տեղի չի ունենում: Որքա՞ն կարող է շարունակվել ատելության այս քարոզչությունը: Մենք չենք կարող աշխատել ապագայի համար, անընդհատ առաջնորդվելով անցյալով»:
«Սակայն պարզվեց, որ Լուիզայի առաջին նախադասությունը սխալ է ընկալվել իմ կողմից: Լուիզա Պողոսյանը խոսել է բոլորովին այլ բանի մասին: Ես ճշտեցի դա մեր ընկերներից, որոնք մասնակցել են այդ հանդիպմանը: Ես ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից եւ առաջին հերթին իմ ընկերներից»,-գրում է Ալեքպեր Ալիեւը:





