Վրաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ համաշխարհային հանրությունն ըմբռնումով կընկալի այն քայլերը, որ կատարում է Վրաստանի կառավարությունը Կոդորի կիրճում` օրինականությունը վերահաստատելու նպատակով: Այդ մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որ տարածվել է հուլիսի 25-ին: «Վերջերս Կոդորի կիրճում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ երկրի կառավարությունը պարտավոր է պաշտպանել Կոդորի կիրճի բնակիչների շահերն, ինչն էլ առաջին հերթին ենթադրում է նրանց անվտանգության ապահովում եւ բնակության նորմալ պայմանների ստեղծում»,-ասվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում ընդգծվում է, որ «Վրաստանի իշխանությունները կտրականապես բացառում են նոր ռազմական գործողության անցկացման հնարավորությունը Կոդորի կիրճի տարածքում ցանկացած ձեւով եւ կոչ են անում մոլորության մեջ հայտնված տեղի բնակչությանը ենթարկվել օրենքին»,-ասվում է հայտարարության մեջ:
«Վրաստանի կառավարությունը նաեւ կտրականապես բացառում է ոստիկանական գործողության տարածումը Աբխազիայի իշխանությունների կողմից դե-ֆակտո վերահսկվող տարածքի վրա»,-նշվում է հայտարարության մեջ: Ինչպես ասված է փաստաթղթում, ներկայումս «Վրաստանի ԱԳՆ-ն Կոդորի կիրճում ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ», հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Նշենք, որ «Մոնադիրե» («Որսորդ») վրացական ռազմական միավորման հրամանատար Էմզար Կվիցիանին հայտարարել է Վրաստանի կառավարությանը չենթարկվելու մասին: Կվիցիանին անվստահություն եւ անհնազանդություն է հայտնել ներկայիս կառավարությանը, քանի որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին հուլիսի 27-ին նախատեսում է հարձակումով վերցնել Կոդորի կիրճը; Իր ուղերձը Կվիցիանին հղել է նաեւ Աբխազիայի կառավարությանը: Հիշեցնենք, որ Կվիցիանին 1999-2004 թթ. եղել է Էդուարդ Շեւարնաձեի լիազոր ներկայացուցիչը այդ շրջանում:





