AM
2 Օգոստոս 2006 - 10:55 AMT

Լեյլա Ալիեւա. Հանրաքվեի անցկացումը Ղարաբաղում Բաքվի համար հղի է մեծ խնդիրներով

Ադրբեջանը լուրջ հիմքեր ունի պնդելու համար, որ հանրաքվեն համազգային լինի, գտնում է ադրբեջանցի քաղաքագետը: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Լեյլա Ալիեւան: Նրա խոսքերով, եթե լեգալ պայմաններ ստեղծվեն Լեռնային Ղարաբաղի տարածքում հանրաքվե անցկացնելու համար, ապա հանրաքվեի հարցերը պետք է հանեն հակասությունը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների միջեւ: «Հանրաքվեի հարցերը պետք է վերաբերվեն միայն ինքնավարության տարբեր աստիճաններին: Այլ հարց է, թե ով է այդ հարցերը սահմանելու: Ցանկացած դեպքում հանրաքվեի անցկացումը միայն Ղարաբաղում հղի է Ադրբեջանի համար մեծ խնդիրներով»,-ասել է նա: Ալիեւան նշել է նաեւ, որ համանախագահների բնական տրամաբանությունը հետեւյալն է` Բաքուն պետք է ուղղակիորեն խոսի Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ տեսակետն են որդեգրել բոլոր միջազգային միջնորդական առաքելությունները: «Համանախագահների դիրքորոշումն այն է, որ եթե երկրի որեւէ մի մասը չի ենթարկվում, ապա նրա հետ հարկավոր է խոսել դրա շուրջ: Ղարաբաղն առանց այդ էլ մասնակցում է այդ բանակցություններին: Սակայն ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ որպես շահագրգռված կողմ»,-նշել է նա: Ալիեւնա նկատել է, որ բանակցությունները որոշակի մակարդակի են հասել: «Դրանով էլ բացատրվում է միջնորդների լավատեսությունը, որոնք վերջերս հայտարարում էին, որ ուր որ է կողմերը պայմանագիր կկնքեն: Կողմերը փոխզիջման հասան ծրագրի փուլային զարգացման առումով, որից նախկինում հրաժարվում էին: Պայմանավորվածություն կա նաեւ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կհետաձգվի տասը տարով: Այդ պայմանավորվածություն ձեռք բերումն ես համարում եմ մեծ բեկում բանակցությունների ընթացքում, մեծ քայլ առաջ»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ ադրբեջանցի քաղաքագետը հայտարարել է, որ «չկորցնելու համար այդ ձեռքբերումը, կողմերից մեկին չվանելու համար, ամերիկյան կառավարությունը եւ համանախագահները առավել զգուշավոր ձեւակերպումներ են կիրառում»: «Այդ ձեւակերպումները հիմնված են իրական գործընթացների վրա, այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել: Այդ ձեւակերպումները բաց են թողնում հանրաքվեի եւ տարածքային ամբողջականության հարցը, որը մեր դեպքում հակասում է իրար: Եթե նախկինում արտերկրի որոշ ներկայացուցիչներ կարող էին ասել, թե ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու է տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա այժմ դա շատ ավելի հազվադեպ է հնչում: Հանրաքվեի վերաբերյալ այդ ձեւակերպումը չի պատասխանում այն հարցին, թե որն է կարեւոր այս դեպքում` ինքնորոշումը թե տարածքային ամբողջականությունը»,-գտնում է Ալիեւան, գրում է Realazer:com-ը: