«Հայաստանի հետ սահմանի բացումը չի մտնում Կարսի քաղաքապետարանի ղեկավարի իրավասության մեջ»,-հայտարարել է Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովը: Նրա խոսքերով, «սահմանը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարող է բացվել միայն երեք պայմանների կատարման դեպքում` Հայաստանը պետք է հրաժարվի իր պահանջից, ըստ որի Անկարան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հրաժարվի Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից եւ ազատի Ադրբեջանի «գրավյալ» տարածքները: Մեկնաբանելով Կարսի քաղաքապետարանի ղեկավար Նաիֆ Ալիբեյօղլու հայտարարությունը սահմանը բացելու կարեւորության մասին` Հասան Զեյնալովը նշել է, որ Թուրքիայում կան ուժեր, որոնք շահագրգռված են, որ Հայաստանի հետ սահմանը բացվի: «Ես հաստատում եմ նման ուժերի առկայությունը, իրենք անձնական շահեր ունեն սահմանի բացման հարցում: Սակայն ես եւս մեկ անգամ նշում եմ, որ սահմանի բացումը չի մտնում ոչ Կարսի քաղաքապետարանի ղեկավարի, ոչ էլ այլ շահագրգիռ անձանց իրավասության մեջ»,-ընդգծել է Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը, հաղորդում է ԱՊԱ-ն:





