Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ ԼՂՀ իշխանությունների հասցեով ստացվել են մի շարք շնորհավորական ուղերձներ: «Արցախի ժողովրդին մաղթում եմ խաղաղ, անվտանգ, ազատ ապագա եւ ամենաջերմ շնորհավորանքներս հղում Արցախի անկախության 15-ամյակի կապակցությամբ»,-ասվում է, մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպան /1993-1995/ Հարրի Գիլմորի նամակում: «Հարավային Օսեթիայում ուշադիր հետեւում են Ղարաբաղի պետականության կայացմանն ու անկեղծորեն ուրախանում ԼՂՀ սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային եւ հոգեւոր զարգացման ոլորտներում Արցախի ժողովրդի հաջողությունների համար»,-ասվում է Հարավային Օսեթիայի Հանրապետության արտգործնախարարության ուղերձում: «Արցախի անկախության 15-ամյակի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արցախի քաջարի ժողովրդին, ԼՂՀ Նախագահին, ողջ Կառավարությանը եւ մաղթում ամենայն բարիք»,-նշված է «The California Courier» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի ուղերձում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





