AM
1 Սեպտեմբեր 2006 - 11:45 AMT

ԼՂՀ անկախությունը Ղարաբաղի ժողովրդի գոյատեւման միակ պայմանն է

Երբ մեր ժողովուրդը 15 տարի առաջ հանրաքվեում արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին, նա առաջին հերթին մտածում էր իր ապագայի, այլ ոչ թե միջազգային հանրակցության հնարավոր արձագանքի մասին: Ադրբեջանից անկախ ԼՂՀ-ն` դա ինքնանպատակ չէ, այլ իր նախնիների հողում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյության, նրա զարգացման ու բարգավաճման միակ պայմանը: Այդ մասին «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը երկար ու դժվարին ուղի է, այն էլ` կախված մեր տարածաշրջանում տեղի ունեցող ուժերի աշխարհաքաղաքական նոր դասավորվածության ձեւավորման գործընթացներից: Բայց վերջնական արդյունքում ամեն ինչ կախված է մեզնից` մեր կամքից, համբերությունից, դժվարությունները հաղթահարելու կարողությունից, մեր համախմբվածությունից ու հաստատակամությունից, ինքնաբավությունից ու իրավական պետություն կառուցելու պատրաստակամությունից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո կայացել է, եւ դա աշխարհում շատերն են խոստովանում: Մենք կարողացանք ոչ միայն մեր անկախությունը պաշտպանել Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում, այլեւ համեմատաբար կարճ պատմական ժամկետում հաղթահարել նրա հետեւանքները եւ կառուցել մի պետություն, որը շատ չափանիշներով, այդ թվում եւ հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացման մակարդակով, իրենից շատ հետ է թողել Ադրբեջանին»,-ընդգծել է ԼՂՀ նախագահը:

Միեւնույն ժամանակ, նա հայտարարեց, որ ԼՂՀ-ն երբեք չի գնա այնպիսի կարգավորման, որն ընդունակ է կասկածի տակ դնել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, չխոսելով արդեն Ադրբեջանից անկախության մասին: «Ես համոզված եմ, որ ցանկացած հարցեր, այդ թվում նաեւ ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտուն վերաբերող, կարգավիճակի առանցքային հարցից կտրված լուծելու փորձը` դեպի պատերազմ տանող ուղի է: Մեզ համար փակ թեմաներ չկան, բայց դա ամենեւին չի նշանակում, թե մենք պատրաստ ենք միակողմանի զիջումների: Մեր զիջումների աստիճանը կախված է ադրբեջանական կողմի զիջումների չափից»,-ասել է Արկադի Ղուկասյանը: