AM
1 Սեպտեմբեր 2006 - 12:06 AMT

Ղարաբաղը խորապես երախտապարտ է Սփյուռքին անգնահատելի օգնության համար

Արցախը խորապես երախտապարտ է Սփյուռքին այն անգնահատելի օգնության համար, որը մշտապես ցուցաբերվում է երիտասարդ երկրի շենացմանը: Այդ մասին «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, Սփյուռքի հետ սերտ համագործակցության շնորհիվ Լեռնային Ղարաբաղում կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով ավտոճանապարհներ, տասնյակ դպրոցներ եւ սոցիալական նշանակության այլ օբյեկտներ:
«Դրա հետ մեկտեղ, հասել է ժամանակը Արցախի ու Սփյուռքի միջեւ նաեւ իրավահավասար եւ փոխշահավետ համագործակցության համար, թեեւ սրանով ես ամենեւին չեմ նվազեցնում մեր արտասահմանյան հայրենակիցների կողմից Լեռնային Ղարաբաղին ցույց տրվող մարդասիրական օգնության նշանակությունը: Կարծում եմ, որ Սփյուռքի ներկայացուցիչները, առաջին հերթին` ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից, որտեղ ավանդաբար ուժեղ է հայկական համայնքի ազդեցությունը այդ երկրների պաշտոնական շրջանների վրա, կարող են մեզ արդյունավետ աջակցություն ցույց տալ նաեւ քաղաքական ոլորտում, այն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը հասնելու գործում: Համոզված եմ, որ իր գոյության 15 տարվա ընթացքում ԼՂՀ ժողովուրդը լիովին ապացուցել է սեփական անկախ պետությունն ունենալու իր իրավունքը: Օգտվելով առիթից, կցանկանայի երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են մտցրել Արցախի վերածննդի գործին»,- ընդգծել է ԼՂՀ ղեկավարը: