AM
1 Սեպտեմբեր 2006 - 13:12 AMT

Թուրքիայի վարչապետը ցանկանում է թուրքական կոնտինգենտ ուղարկել Լիբանան

Թուրքական կառավարությունը պատրաստվում է դիմել երկրի խորհրդարանին հաջորդ շաբաթ թուրք խաղաղապահներին Լիբանան ուղարկելու հնարավորության հարցով: Ինչպես հայտնում է աղբյուրը Թուրքիայի ԱԳՆ-ում, որոշման մեջ չի ճշտվում ոչ զորքերի առանձնահատկությունները, ոչ դրանց քանակը, սակայն նշվում է, որ խոսքը հարյուրավոր եւ ոչ թե հազարավոր զինվորների մասին է:

Կառավարությունն արդեն դիմել էր խորհրդարանին այդ հարցով 2003 թվականի մարտին խաղաղպահներին Իրաք ուղարկելու նպատակով, սակայն այն ժամանակ խորհրդարանը հրաժարվեց զինվորներին ուղարկելուց: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանի խոսքերով, թուրքական կոնտինգենտը օգնելու է Լիբանանի ենթակառուցվածքների վերականգնմանը եւ երկրի բնակչության բժշկական ծառայությամբ է ապահովելու:

Նշենք, որ Անկարա է ժամանում Քոֆի Անանը, ով պաշտպանում է թուրք կոնտնիգենտին Լիբանան ուղարկելու գաղափարը: Նա խորհրդատվություններ կանցկացնի նախագահ Ահմեդ Սեզերի, Թուրքիայի վարչապետի եւ ԱԳՆ ղեկավարի հետ: Սակայն, ինչպես տեղեկացնում է նույն աղբյուրը, նախագահ Սեզերը դեմ է խաղաղպահներին Լիբանան ուղղարկելուն:

Իր հերթին, թուրք փորձագետ, Գազի համալսարանի պրոֆեսոր Նուրուլլախ Այդինը գտնում է, որ զինվորների ուղղորդումը Լիբանան Թուրքիայի համար ձեռնտու չէ: «Թուրքիան Մերձավոր Արեւելքի նոր սցենարների հերոս դառնալու կարիքը չունի, ինչը անուղղելի սխալներ կբերի իր ետեւից: Թուրքիան չպետք է պատմական սխալ թույլ տա` ունենալով միայն ոչ ամբողջական ինֆորմացիա եւ ենթարկվելով Իսրայելին ու ԱՄՆ-ին, այլ պետք է ձգտի խաղաղ գոյատեւմանը արաբական աշխարհի եւ Իրանի հետ: Պատմությունը ցույց է տալիս, որ Լիբանանը թակարդ է հանդիսանում թուրքական բանակի համար` ստեղծված արեւմտյան տերությունների կողմից»,- ընդգծել է Այդինը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: