Եվրախորհրդարանի զեկույցում, որը հրապարակվելու է երկուշաբթի օրը, մտահոգություն է արտահայտվում Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինկի դատավճռի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Հրանտ Դինկը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել «թուրքերի ինքնությունը վիրավորելու» համար: Եվրախորհրդարանի զեկույցում նշված է, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ ընդունվելիք օրենքի նախագիծը թերի է: Եվրոպացի օրենսդիրները ափսոսանք են հայտնում, որ «Թուրքիայում բարեփոխումների իրականացման գործընթացը դանդաղում է, եւ էական թերացումներ կան մի շարք բնագավառներում»: Նշենք, որ մի քանի շաբաթից Եվրահանձնաժողովը քննարկելու է Թուրքիայում բարեփոխումների իրականացման ընթացքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:





