AM
2 Սեպտեմբեր 2006 - 11:19 AMT

Բելգիացի սենատորը կիսվեց ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ Ղարաբաղ կատարած այցի տպավորություններով

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Բելգիայի Թագավորության Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին նախարար Օսկանյանը բարձր գնահատեց սենատորի ջանքերը հայկական հարցերը Բելգիայում բարձրացնելու եւ հայ-բելգիական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ներդրման համար: Իր հերթին, պարոն դյու Վիվիեն դրվատանքով խոսեց հայ-բելգիական համագործակցության մասին, նշելով, որ այն զարգանում է մի շարք ոլորտներում: Բելգիացի սենատորը կիսվեց Լեռնային Ղարաբաղ կատարած այցի տպավորություններով եւ հակամարտության կարգավորման իր տեսակետներով: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց բանակցությունների ներկա ընթացքը: բացի այդ, զրուցակիցները քննարկեցին ԵՄ նոր հարեւանություն քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր, անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային զարգացումներին, հայ-թուրքական հարաբերություններին: