AM
7 Սեպտեմբեր 2006 - 11:34 AMT

Վրաստանի ՆԳՆ. Կանխվել է պետական հեղաշրջման փորձ

Հատուկ գործողության արդյունքում Վրաստանի ՆԳՆ-ն երկրի ողջ տարածքում ձերբակալել է «Արդարություն» (առաջնորդը` Իգոր Գիորգաձե) կուսակցության եւ մի շարք այլ ընդդիմադիր կուսակցությունների 29 կողմնակիցների: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին: «Առավոտյան ժամը 5-ից Վրաստանի ողջ տարածքում անց է կացվել հատուկ գործողություն` ձերբակալվել են «Արդարություն» կուսակցության, ինչպես նաեւ Իգոր Գիորգաձեի կողմնակից այլ կազմակերպությունների անդամներ: Կալանվել է 29 մարդ: Նրանց մեղադրանք կներկայացվի Վրաստանի ՔՕ 315-րդ հոդվածով` դավադրություն եւ իշխանության տապալում»,-ասել է Մերաբիշվիլին:

Ըստ Մերաբիշվիլու, Վրաստանի իրավապահ մարմինները օպերատիվ տեղեկություններ ունեն առ այն, որ ձերբակալվածները ծրագրում էին իշխանափոխություն կատարել եւ Վրաստան բերել Իգոր Գիորգաձեին: Նա հաղորդեց, որ Վրաստանի ՆԳՆ Սահմանադրական անվտանգության դեպարտամենտը մի քանի ամսվա ընթացքում մշակել է այդ տեղեկությունները: Նա հաղորդել է նաեւ, որ գործողությանը երկրի ողջ տարածքում մասնակցել է իրավապահ մարմինների 450 աշխատակից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: