ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը որոշում է ընդունել` ԵԱՀԿ մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի եւ նրան հարակից տարածքների հրդեհների պատճառների բացահայտման եւ այդ աղետի հետեւանքների վերացման համար առաքելություն կազմակերպելու վերաբերյալ: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, միջազգային առաքելությունը կուղարկվի հրդեհների շրջան ըստ ՄԱԿ-ի 191 անդամ-երկրների, այդ թվում Հայաստանի, ընդունած բանաձեւի: «Առաքելությանը մասնակցելու են եւ ադրբեջանցի եւ հայ փորձագետներ եւ միջազգային մասնագետներ, որոնց թվում կլինեն ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրերի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչներ եւ, հավանաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած փորձագետները»,- ասել է Է. Մամեդյարովը:
Նախարարի խոսքերի համաձայն, իրավիճակի գնահատումից եւ ձեռնարկվող միջոցների ճշտումից հետո կկազմակերպվի տուժած հողերի վերականգնման բնապահպանական գործողություն: Դրանից հետո ԵԱՀԿ գործող նախագահը պետք է Գլխավոր վեհաժողովին համապատասխան զեկույց ներկայացնի, հայտնում է Day.az-ը:





