Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 8-ի հրամանագրերով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան է շնորհվել Ջերալդ Գաֆեսճյանին եւ Էդուարդո Էռնեկյանին` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:Բացի այդ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար Մխիթար Գոշի մեդալով են պարգեւատրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Վասիլի Ղազարյանը եւ Կարինե Ղազինյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալության պետ Ջիվան Մովսիսյանին շնորհվել է ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:





