AM
9 Սեպտեմբեր 2006 - 09:56 AMT

Լիբանանահայերը բողոքի ցույցեր են կազմակերպում թուրք խաղաղապահների ներկայության դեմ

Նախօրեին հարյուրավոր լիբանանահայեր մասնակցեցին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում թուրք զորակազմի ընդգրկման դեմ կազմակերպված բողոքի ցույցին: Ցույցի կազմակերպիչների խոսքերով, Թուրքիան հայ ժողովրդի առաջին թշնամին է, իսկ Լիբանանի կառավարությունն անտեսեց հայ համայնքի տեսակետը, երկուշաբթի օրը որոշում կայացնելով հավանություն տալ ՄԱԿ-ի ուժերում թուրք զինվորականների մասնակցությանը: «Թուրքիան, որը մեղավոր է մարդկության դեմ գործած հանցանքներում, իրավունք չունի մասնակցել նման խաղաղապահ գործողությունների, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է` խորհրդարանի նախկին պատգամավոր եւ նախարար Ժակ Չուխադրյանը: Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչները նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Աննանին եւ Բեյրութում արեւմտյան երկրների դեսպաններին` պահանջելով չընդգրկել թուրքական զորակազմը ՄԱԿ-ի ուժերի կազմում, որտեղ կան 15 հազար զինծառայողներ տարբեր երկրներից: Նրանց միացել են նաեւ Լիբանանի հոգեւոր առաջնորդները, որոնք եւս համարում են, որ Թուրքիայի մասնակցությունը «բարոյապես անընդունելի է», գրում է «Ասպարեզը»: