AM
15 Սեպտեմբեր 2006 - 09:13 AMT

2007 եւ 2008 թվականներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրական տեղաշարժ չի ակնկալվում

Ներկայիս իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փակուղային է Ադրբեջանի ոչ օրինաչափ տարածքային նկրտումների, բանակցություններից ամենաշահագրգիռ կողմին` Արցախին հեռացնելու եւ ամեն տեսակի միջնորդների անհուն հիմարության եւ պատմաիրավական տգիտության պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը: Նրա խոսքերով, նույն պատճառով դժվար է դրական տեղաշարժ ակնկալել 2007 եւ 2008 թվականներին: «Թե երբ կգա ԼՂՀ ներկայացուցիչներին որպես լիիրավ մասնակից բանակցություններ վերադարձնելու պահը, դժվար է ասել վերը նշված գործոնների պատճառով: Ինչ վերաբերում է խնդրի ռազմական լուծմանը, ապա Բաքուն ոչ թե կոչ է անում ուժ կիրառել, այլ սպառնում է Հայաստանին պատերազմով: Դա անընդունելի դիրքորոշում է, նույնիսկ եթե նման է բլեֆի»,-ընդգծեց նա: Ռուս դիվանագետը գտնում է, որ ներկայումս լավագույն տարբերակը կլինի ստատուս-կվոի պահպանումը բոլոր պարամետրերով եւ այնպիսի իրավիճակի ստեղծման անընդունելիությունը, եթե հայերին կարողանան մեղադրել բանակցությունները տապալելու մեջ` բանակցությունները միշտ գերադասելի են ռազմական գործողություններից, որքան էլ որ շարունակվեն:

«Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 15 տարիները նշանավորվել են երկու հայկական պետությունների ամրապնդմամբ, շրջափակման մեջ գոյության դժվարությունների հաղթահարմամբ, ադրբեջանցի ռեվանշիստների ագրեսիային հաջող դիմակայությամբ, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական, դաշնային հարաբերությունների պահպանմամբ եւ Հայաստանի ակտիվ մասնակցությամբ Ռուսաստանի հետ համատեղ կազմակերպությունների աշխատանքին (ԱՊՀ, ՀԱՊԿ եւ այլն)»,-ասել է Վլադիմիր Ստուպիշինը: