Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը Փարիզում երեկ հյուրընկալվել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների հաստատությունում, որտեղ հանդես է եկել Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններին նվիրված զեկույցով: Իր ողջ զեկույցի ընթացքում Աբդուլա Գյուլը փորձել է ցույց տալ այն բոլոր առավելությունները, որոնք կարող է քաղել Եվրամիությունը Թուրքիայի անդամակցությունից: «Թուրքիան դեռեւս պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը, սակայն իրավիճակը այլ կլինի այն բարեփոխումներից հետո, որոնք նախաձեռնել է երկիրը», – շեշտել է Թուրքիայի արտգործնախարարը: Զեկույցի ավարտին, պատասխանելով Թուրքիայում քրիստոնյաների վիճակի մասին հարցին, Գյուլը ասել է. – «Իհարկե, Թուրքիայում կան քրիստոնյաներ, եւ հանդուրժողականությունը մաս է կազմում մեր քաղաքակրթությանը», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Բացվում եւ վերականգնվում եմ եկեղեցիները, օրինակ, Վանում մենք վերակառուցում ենք եւ բացելու ենք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: Այդ մասին ես երեկ խոսել եմ Մեսրոպ պատրիարքի հետ», – շեշտել է Աբդուլա Գյուլը:
Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը նույնպես ժամանել է Փարիզ` մասնակցելու Եվրոպական միության եւ Միջերկրականի ժողովին, որը նվիրված է հանդուրժողականության եւ մշակութային համագործակցության խնդիրներին:





