Յուրաքանչյուր սենատոր ԱՄՆ Սենատի ցանկացած քայլ կարող է արգելափակել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄաքԿորմակը` մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության հաստատումը «սառեցնելու» Ռոբերտ Մենենդեսի որոշումը: Շոն ՄաքԿորմակը նշել է նաեւ, որ «մեր թեկնածուն արդեն դրված է Սենատի քննարկմանը, եւ նա բավական ձայներ ունի հաստատման համար»: Նա նաեւ համոզվածություն է հայտնել, որ այդ հարցով քվեարկության հնարավորություն պետք է տրվի, քանի որ հաստատման համար 51 ձայնը Ռիչարդ Հոգլանդն ունի, ասվում է ԱՄՆ Սենատի կայքում տեղակայված տեղեկատվությունում:
Հիշեցնենք, որ սենատոր Ռոբերտ Մենենդեզի որոշումը պայմանավորված է Հայոց ցեղասպասնության հարցում նրա եւ ԱՄՆ նախագահի աշխատակազմի կարծիքների տարբերությամբ: Սենատորի խոսքերով, «ամերիկյան ժողովուրդը պարտավոր է ելույթ ունենալ անարդարության դեմ, աջակցել հավասարությանը եւ պաշտպանել մադրու իրավունքները»: «Սակայն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմը շարունակում է խուսափել Հայոց ցեղասպանության ճանաչումից: Դա հանդիսանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռ. Հոգլանդի թեկնածության հաստատման գործընթացի «սառեցնելու» իմ որոշման պատճառներից մեկը»,- նշել է նա:





