AM
18 Սեպտեմբեր 2006 - 09:52 AMT

ՌՀՄ շուրջ 50 փորձագետներ զբաղված են Ռուսաստանում հայերի դեմ կատարված հանցագործությունների բացահայտմամբ

Ռուսաստանի իշխանությունները սատարում են Ռուսաստանի հայերի միությանը (ՌՀՄ) հայերի դեմ կատարված հանցագործությունների բացահայտման եւ երկրում օտարերկրյա քաղաքացիների դեմ ուղղված բռնության ալիքի կանխարգելման հարցում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանում պետական մակարդակով մեծ աջակցություն է ցուցաբերվում ՌՀՄ գործունեությանը տեղի բնակչության մոտ Հայաստանի մասին դրական պատկերացում ձեւավորելու գործում: «Մենք դասախոսություններ ենք կազմակերպում Ռուսաստանի դպրոցներում եւ բուհերում ռուսաստանցիներին Հայաստանի պատմական անցյալը, ներկա նվաճումնեը, ինչպես նաեւ ապագայի խնդիրներն ու նպատակները ներկայացնելու համար»,-պարզաբանել է նա: Բացի այդ, Ա.Աբրահամյանը նշել է, որ ՌՀՄ իրավաբանները եւ փորձագետները, համագործակցելով Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ, զբաղված են Ռուսաստանում հայերի դեմ կատարված հանցագործությունների բացահայտմամբ: «Կարելի է վստահաբար ասել, որ Մոսկվայի մետրոյում Վիգեն Աբրահամյանցի սպանության մեջ մեղավոր անձի ձերբակալումը այդ արդյունավետ համագործակցության արդյունքն է»,-ընդգծեց նա: Այդ կապակցությամբ ՌՀՄ նախագահը հայտարարեց նաեւ, որ Ռուսաստանի հայերը խստորեն դատապարտում են վերջերս հաճախակի դարձած հանցավոր գործողությունները ոչ միայն հայերի, այլ նաեւ օտարերկրյա այլազգի քաղաքացիների դեմ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: