AM
19 Սեպտեմբեր 2006 - 13:31 AMT

ՌԴ ԱԳՆ. Մերձդնեստրեցիներն օգտագործել են ուղիղ ժողովրդավարության ինտիտուտը

Ավելի քան տասնվեց տարի է Մերձդնեստրը ապրում է չկարգավորված հակամարտության պայմաններում եւ Մոլդովայի Հանրապետության սահմանադրական դաշտից դուրս, որը այս տարիներին ձեւավորվում էր առանց նրա մասնակցության: Միջազգային միջնորդների, եւ առաջին հերթին Ռուսաստանի կողմից առաջարկված քաղաքական կարգավորման տարբեր մոդելները, ցավոք սրտի, չեն իրականացվել: Այդ մասին ասվում է Մերձդնեստրի հանրաքվեին վերաբերող Ռուսաստանի ԱԳՆ Ինֆորմացիայի եւ տպագրության բաժնի մեկնաբանության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն գտնում է, որ քաղաքական անկողմնորոշության եւ շարունակվող տնտեսական ճնշման պայմաններում մեձդնեստրեցիները օգտագործել են ուղիղ ժողովրդավարության ինտիտուտը, որը հանրաքվեն է` տարածաշրջանում կայունության նախընտրելի ձեւի վերաբերյալ իրենց պատկերացումները հայտնելու համար: «Բարձր ակտիվություն է գրանցվել (ըստ Մերձդնեստրի ԿԸՀ-ի տվյալների, հանրաքվեին մասնակցել է ձայնի իրավունք ունեցողների 78,6 տոկոսը), ինչպես նաեւ կազմակերպվածությունը, թափանցիկությունը եղել են բարձր մակարդակի վրա, եւ հանրաքվեն անցել է առանց էական խախտումների: Դա հաստատվել է տարբեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների դիտորդների կողմից: Հանրաքվեին հետեւել են նաեւ անկախ ռուս փորձագետները»,- ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ:

Ռուսական կողմը հույս ունի, որ ստեղծված իրավիճակում Ուկրաինայի եւ ԵԱՀԿ միջոնրդները, ինչպես նաեւ անցյալ տարի հրավիրված ԱՄՆ եւ ԵՄ դիտորդները, կակտիվացնեն համատեղ ջանքերը անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելու համար բանակցային գործընթացի վերականգնման համար` Քիշինյովի եւ Տիրասպոլի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: