AM
20 Սեպտեմբեր 2006 - 12:14 AMT

Ադրբեջանը դե-ֆակտո ճանաչել է ԼՂՀ գոյությունը

Ղարաբաղը վստահորեն կանգնել է անկախության ձեռք բերման ճանապարհին: Մեզ համար ետդարձի ճանապարհ չկա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը: Նրա խոսքերով այն հանգամանքը, որ Ստալինը ժամանակին փոխանցեց Ղարաբաղը Ադրբեջանին, չի նշանակում, թե միջազգային հանրությունը պետք է ընդունի դա: Դրական տեղաշարժ է նկատվում Ղարաբաղի անկախության պաշտոնական ճանաչման ուղղությամբ: Տարբեր երկրների կառավարություններ ճանաչում են, որ ԼՂՀ-ն ստեղծվել է եւ գործում է որպես անկախ պետություն, այլ երկրների հետ ԼՂՀ կապերը կառավարությունների միջեւ կանոնավոր շփումների բնույթ են ստանում, սակայն ակնհայտ պատճառներով, օրինակ ԱՄՆ կառավարությունը չի ցանկանում այդ շփումները կանոնավոր համարել»,-նշել է Բարսեղյանը: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը համարում է, որ Վաշինգտոնը հետեւում է այն ամենին, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ներառյալ տնտեսական առաջընթացն ու ժողովրդավարացումը: «Երրորդ կողմի միջոցով մենք իմանում ենք, որ Վաշինգտոնում գոհ են այդ առաջընթացից, թեեւ հրապարակավ այդ մասին չեն հայտարարում»,-նշել է նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա Բարսեղյանն ասել է, թե ԼՂՀ-ն պատրանքներ չունի Ադրբեջանի հետ ուղղակի բանակցություններ վարելու հնարավորության մասին: «Լուծումը հնարավոր է գտնել միայն Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ ուղղակի բանակցությունների շնորհիվ: Պայքարելով իր անկախության համար Ղարաբաղի ժողովուրդը ապացուցեց իր նախնիների հողում ապրելու իրավունքը: Դրա գինը չափազանց մեծ էր` պատերազմի ընթացքում զոհվեցին հազարավոր հայեր: Ադրբեջանը դե-ֆակտո ճանաչել է ԼՂՀ գոյությունը, ճանաչելով երկու կողմերը բաժանող շփման գիծը, հրադադարի մասին պայմանագրի հիման վրա»,-ընդգծել է Բարսեղյանը:

ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը համոզվածություն է հայտնել, որ աշխարհը կճանաչի, որ Ղարաբաղի ժողովուրդը արժանի է իր ազատությանը: «Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը կկասեցնի Ադրբեջանի կողմից հարձակումները: Հրադադարի մասին պայմանագիրը պահպանվում է շուրջ 12 տարի, եւ մենք գտնում ենք, որ դա ուժերի բնական բալանսի հետեւանք է: Նավթի վաճառքից առաջացած եկամումները Ադրբեջանն մասնակիորեն օգտագործում է բանակի մարտունակությունը բարձարցնելու համար, ուստի հայկական կողմը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմին պահպանել ռազմական բալանսը Ադրբեջանի կողմից նոր հարձակումները կանխելու համար, գրում է DiplomaticTraffic.com: