AM
20 Սեպտեմբեր 2006 - 12:38 AMT

Պատերազմը չի կարող լուծում տալ ղարաբաղյան խնդրին

«Ցավոք, այսօր մենք ապրում ենք «խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» բանաձեւով: Մեր տարածաշրջանի իրողությունները հենց դա են թելադրում եւ մենք պետք է ուշադիր լինենք անվտանգության հարցերում»,-Երեւանում Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված հերոսների հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, այսօր պատերազմը շարունակվում է այլ դաշտում` տնտեսական, քաղաքական եւ մշակութային: «Մենք դատապարտված ենք հաղթելու նաեւ այդ դաշտերում: Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ այն պարտադրվեց եւ մենք հաղթեցինք, սակայն կյանքն ապացուցեց, որ պատերազմը չի կարող լուծում տալ հարցերին եւ մենք պետք է կարողանանք ղարաբաղյան հարցի լուծումը գտնել քաղաքական դաշտում»,-նշել է ԼՂՀ ղեկավարը:

«Պատերազմներում զոհվում են ամենախիզախները, ամենաարժանավորները: Այդպես էր նաեւ ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Այդ պատերազմում մենք կորցրեցինք մեր ժողովրդի սերուցքը` այն տղաներին, որոնք մարտնչում էին առաջավոր դիրքերում: Եվ այսօր մենք պարտավոր ենք կառուցել այնպիսի պետություն, որը կհամապատասխանի նրանց երազանքներին: Իհարկե, մեզ հաջողվեց կառուցել այդ պետությունը, մեկի տեղ երկուսը եւ դա մեծ նվաճում է: Սակայն, բնական է, սա այն Հայաստանը եւ այն Ղարաբաղը չեն, որոնց մասին մենք երզաել ենք, մենք մեծ ցանկություններ ունենք, սակայն ամեն ինչ կախված է հենց մեզանից: Անիմաստ է հույսը դնել ուրիշների վրա, մենք ինքներս մեր ձեռքերով պետք է կերտենք մեր երջանկությունը»,-հայտարարել է Արկադի Ղուկասյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: