AM
20 Սեպտեմբեր 2006 - 12:43 AMT

Առանց Ստեփանակերտի մասնակցության անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

ՄԱԿ-ի ԳՎ 61-րդ նստաշրջանի օրակարգում ՎՈՒԱՄ-ի նախաձեռնած «սառեցված հակամարտությունների» մասին կետի ընդգրկման եւ հակամարտության կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ընդգրկման միջեւ ոչ մի կապ չկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արկադի Ղուկասյանը: Ըստ նրա, Ադրբեջանը եւ ՎՈՒԱՄ-ի մյուս երկրները քարոզչական նպատակներ ունեն: «Հարցն այլ է` առանց Ղարաբաղի մասնակցության խնդիրը հնարավոր չէ լուծել: Վաղ թե ուշ բոլորը կգան այդ եզրակացության: Ես ափսոսում եմ, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը վաղուց արդեն դուրս է եկել իր հունից: Չկա ակտիվ գործընթաց ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, կան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, հանդիպումներ են լինում նաեւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով, սակայն դա լիարժեք գործընթաց չէ, քանի որ Մինսկի խումբը, որին հանձնարարված է վարել բանակցությունները հակամարտության բոլոր կողմերի հետ, գործնականում չի կատարում իր ֆունկցիան: Կարծում եմ, այն ժամանակ, երբ հաջողվի վերադարձնել գործընթացը ԵԱՀԿ ՄԽ հունը, գուցե եւ մենք շանս կունենանք»,-ասել է ԼՂՀ նախագահը: Միեւնույն ժամանակ Ա.Ղուկասյանն ընդգծել է, որ ղարաբաղյան կողմը մշտապես հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: «Ամեն անգամ, երբ քննարկման թեմա է լինում, համանախագահներն իրենք են նախաձեռնություն ցուցաբերում եւ հանդիպում են ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի հետ»,-ասել է Ղուկասյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: