Լեռնային Ղարաբաղը ողջունում է հանրաքվեի անցկացումը Մերձդնեստրում եւ Հարավային Օսեթիայում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: «Ես կարծում եմ, որ Մերձդնեստրի եւ Հարավային Օսեթիայի ժողովուրդներն իրավունք ունեն հանրաքվե անցկացնելու, եւ եւս մեկ անգամ հաստատելու այն դիրքորոշումը, որի մասին նրանք հայտարարել էին շատ ավելի վաղ»,-ասել է Ղուկասյանը: «Ես կարծում եմ, որ միշտ էլ վատ է եւ ճիշտ չէ հաշվի չառնել ժողովրդի կամքի արտահայտումը: Նման հարցերի լուծման դեպքում որպես հիմք պետք է ծառայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ բնական է, որ մենք ողջունում ենք այդ հանրաքվեները», հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
Նշենք, որ սեպտեմբրի 17-ին Մերձդնեստրում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիների 90 տոկոսից ավելին քվեարկեց հանրապետության անկախության օգտին` հետագայում Ռուսաստանին միանալու ակնկալիքով: Անկախության մասին հանրաքվեն Հարավային Օսեթիայում տեղի կունենա նոյեմբերի 12-ին:





