AM
21 Սեպտեմբեր 2006 - 09:34 AMT

Հայաստանի Հանրապետությունը մեծագույն նվաճումն է, որ վաստակվել է սերունդների նպատակաուղղված ջանքերի շնորհիվ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին հանրապետության Անկախության 15-ամյակի կապակցությամբ: ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Հազարամյակների արմատներ ունեցող ժողովրդի համար պետականության այս 15 տարվա պատմությունը մեկ ակնթարթ է: Բայց այն իր մեջ ներառեց պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, շրջափակում, անցումային շրջանի բոլոր բարդությունները: Պետական շինարարության համար Հայաստանի մեկնարկային պայմանները չափազանց բարդ էին: Բայց բարձր էր մեր ժողովրդի ոգին, եւ մեծ էր ցանկությունը հաղթահարել բոլոր դժվարությունները` հանուն ազատության եւ արժանապատվության: Այդ ոգին պատերազմի կրակի մեջ ծնեց հերոսներ եւ ձեւավորեց բանակ, որն այսօր մեր հպարտությունն է: Հայաստանի Զինված Ուժերը հուսալի պաշտպանն են համայն հայության Հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունը մեծագույն նվաճումն է, որ վաստակվել է սերունդների նպատակաուղղված ջանքերի շնորհիվ:

Այսօր Հայաստանը կայուն զարգացող երկիր է: Հաջողությամբ իրականացվում են բարեփոխումները բոլոր բնագավառներում: Տնտեսական աճի բարձր տեմպերը Հայաստանը դարձնում են նոր` ավելի լայն հնարավորությունների երկիր: Դա ունի կենսական նշանակություն, քանի որ մրցունակ եւ արդյունավետ տնտեսությունը հիրավի կարեւորագույն գրավականն է ժողովրդավարական պետություն կառուցելու համար:
Իրականացվում են ռազմավարական ծրագրեր, որոնք ուղղված են մեր երկրի եւ ժողովրդի համակողմանի առաջընթացին եւ հատկապես սոցիալական խնդիրների լուծմանը: Պետությունն իր գերակա խնդիրների շարքում է դասել աղքատության հաղթահարումը, կյանքի նոր որակի ապահովումը, երկրի ողջ տարածքի համաչափ զարգացումը:

Հայրենի պետության կայացման գործում Սփյուռքն ունեցել է անգնահատելի ներդրում: Իր բոլոր կարողություններով այն առաջին իսկ օրվանից կանգնեց նորանկախ մեր պետության կողքին: Խորհրդանշական է, որ այս հոբելյանական օրերին է անցնում Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը: Կարեւոր է նաեւ, որ անկախության տարիներին Հայաստանը եւս վերարժեւորեց Սփյուռքի գործոնը եւ այս կապը դարձավ փոխադարձ եւ փոխլրացնող:

Արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանն իրեն դրսեւորել է որպես կայուն, վստահելի եւ կանխատեսելի գործընկեր: Մենք հաջողությամբ խորացնում ենք երկրի միջազգային ներգրավվածությունը` պահպանելով եւ ամրապնդելով ավանդական կապերը:

Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի կարգավորումը մնում է գերակա խնդիր: Այն կարող է հիմնված լինել միմիայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ հարգման վրա: Ոչինչ չպետք է սպառնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը եւ կայուն զարգացմանը:
Հարգելի հայրենակիցներ,

Այսպիսի թանկ հոբելյանը ոգեւորիչ է եւ պարտավորեցնող. անել առավելագույնը հանուն Հայաստանի հզորացման: Ջանք չխնայել կառուցելու այն նոր երկիրը, որի քաղաքացին լինելը հպարտություն կներշնչի մեր ժողովրդի բազմաթիվ սերունդների:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:
Փառք Հայաստանի Հանրապետությունը: Փառք Հայաստանի Զինված Ուժերին»: