Հայաստանը լրջորեն քննարկում հանրապետության տարածքում է նոր ԱԷԿ-ի կառուցման հնարավությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը սեպտեմբերի 18-ին ելույթ ունենալով Վիեննայում` Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ) 50-րդ հոբելյանական կոնֆերանսում: «Հայաստանի կառավարությունը լրջորեն քննարկում է համաշխարհային միջուկային հանրության անդամ մնալու հեռանկարը եւ Մեծամորի ատոմակայանը շահագործումից հանելուն զուգահեռ ուսումնասիրում է նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,-ասել է Կիրակոսյանը: Նա ասել է նաեւ, որ Հայաստանը միջուկային էներգետիկայի ոլորտում ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի եւ մի շարք երկրների հետ: Արման Կիրակոսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց գործակալությանը եւ բոլոր այն երկրներին, որոնց հետ Հայաստանը արդյունավետ համագործակցում է Մեծամորի ատոմակայանը 1995-ին վերագործարկվելուց ի վեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





