Հայաստանը ուշի-ուշով հետեւում է Կոսովոյի ինքնորոշման գործընթացին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողզովի 61-րդ նստաշրջանի ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Մենք ինքներս խստագույնս պաշտպանում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման գործընթացը: Այնուհանդերձ, մենք զուգահեռներ չենք անցկացնում այս երկու կամ որեւէ այլ հակամարտության միջեւ: Մենք հավատացած ենք, որ հակամարտությունները բոլորը տարբեր են եւ յուրաքանչյուրի վերաբերյալ որոշում պիտի կայացվի` ելնելով նրա սեփական առանձնահատկություններից: Մինչ մենք Կոսովոյի ելքը որպես նախադեպ չենք դիտում, մյուս կողմից Կոսովոյի վերաբերյալ որոշումը չի կարող եւ չպետք է տեղիք տա խոչընդոտների այլոց ինքնորոշման համար, որպեսզի կանխվի նախադեպի մեղադրանքը: Այպիսի հետադարձ արձագանքն` ուղղված կանխելու կամ կանխարգելելու մյուսներին հասնելու վաստակած ինքնորոշման, անընդունելի է»,-հայտարարել է ՀՀ արտգործնախարարության ղեկավարը:
Ջանքերն ուղղված հենց դրան` տարածքային ամբողջականությունը բոլոր մյուս սկզբունքներից գերադասելուն, արդեն իսկ ընթացք են ստացել, հատկապես, այս սրահում: «Բայց սա հակասում է պատմության դասերին: Միանգամայն պատճառաբանված է այն, որ Հելսինկիի եզրափակիչ ակտը ինքնորոշման իրավունքը հավասար հիմքերի վրա է դիտարկում մյուս իրավունքների հետ: Միջազգային հարաբերություններում, ինչպես մարդկային հարաբերություններում, չկան բացարձակ իրավունքներ: Կան նաեւ պարտականություններ: Պետությունը պետք է վաստակի առաջնորդելու ու կառավարելու իրավունքը: Պետությունները պատասխանատվություն են կրում իրենց քաղաքացիների պաշտպանության համար: Ժողովուրդն ընտրում է իշխանություն, որն իրեն է ներկայացնում»,-նշել է Վ.Օսկանյանը: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց է կատարել իր ընտրությունը` ներկայացված չլինելու Ադրբեջանի կառավարության կողմից: Ղարաբաղցիները պետական բռնության զոհ են եղել, պաշտպանել են իրենց եւ հաջողության հասել հակառակ ամեն ինչի, միայն այն բանի համար, որպեսզի այդ պետությունը լուտանքներ թափի ու ինքնիշխանություն ու տարածքային ամբողջականություն պահանջի:
Սակայն Ադրբեջանի կառավարությունը կորցրել է նրանց անվտանգությունն ու ապագան ապահովելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու բարոյական իրավունքն անգամ, ուր մնաց, խոսի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խնամակալության մասին: Ադրբեջանը պատասխանատու կերպով կամ բարոյապես չվարվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ովքեր իր քաղաքացիներն էին համարվում: Նրանք քաղաքային վայրերում, Լեռնային Ղարաբաղից շատ հեռու, ջարդեր թույլ տվեցին իրականացնել, նրանք ռմբակոծության ու տեղահանման ենթարկեցին ավելի քան 300 հազար հայերի, նրանք պատերազմ սանձազերծեցին, իսկ երբ պարտություն կրեցին պատերազմում ու ընդունեցին զինադադարը, նրանք սկսեցին հայերի բոլոր հետքերը վերացնել իրենց տարածքներում:
«Նման անպատասխանատվության ամենացինիկ դրսեւորմամբ, ռազմական գործողությունների ավարտից մեկ տասնամյակ հետո, նրանք ավարտին հասցրեցին հազարավոր ձեռակերտ խաչքարերի` հմտորեն փորագրված ու նախշազարդված միջնադարյան հայկական գերեզմանաքարերի իսպառ ոչնչացումը: Այսպիսի ոչնչացումը մի վայրում, ուր ոչ մի հայ չկա, Լեռնային Ղարաբաղից ու հակամարտության ցանկացած այլ վայրից մեծ հեռավորության վրա, դաժան դրսեւորումն է նրա, որ Ադրբեջանի վերաբերմունքը հանդուրժողականության, մարդկային արժեքների, մշակութային գանձերի, համագործակցության ու անգամ խաղաղության հանդեպ չի փոխվել»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը:





