AM
26 Սեպտեմբեր 2006 - 12:58 AMT

Գեորգի Պետրոսյան. Հայաստանը ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավորն է

Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ, մարդասիրական օգնության տրամադրման գծով հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոկսին, որի գլխավորությամբ Ստեփանակերտ է ժամանել բրիտանացի եւ ամերիկացի բարերարների պատվիրակությունը: Բացելով հանդիպումը, ԼՂՀ ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղում բարերարների ծրագրերին: Գեորգի Պետրոսյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին, մտահոգություն հայտնելով հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբից ՄԱԿ տեղափոխելու Ադրբեջանի փորձերի կապակցությամբ:

«Մենք լրջորեն ուսումնասիրում ենք իրավիճակը, եզրակացություներ ենք անում, համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Անհնար է լուծել մի ողջ ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցը, հաշվի չառնելով նրա սեփական կարծիքը: Մենք մեր դերակատարությունն ունեցանք զինադադարի հաստատման ժամանակ, ինչու պետք է այսօր զրկված լինենք խաղաղությունը ամրապնդելու հնարավորությունից»,-նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, Գ.Պետրոսյանը նշել է. «ՀՀ-ն ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավորն է, իսկ ինչ վերաբերում է քաղաքական հարաբերությունների հարթությանը, ապա երկու հանրապետությունների միջեւ պահպանվում է չմիջամտելու սկզբունքը»:

Ինչ վերաբերում է սահմանամերձ գոտում հրդեհներին, ապա Գ.Պետրոսյանը նշել է, որ ԼՂՀ-ն դիմել է ԵԱՀԿ-ին առաջարկելով դիտարկում անցկացնել, կատարվածի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու նպատակով: «Հանրապետության իշխանությունները պատրաստ են ընդունել միջազգային փորձագետներին եւ ցույց տալ այն ամենն, ինչ նրանց հետաքրքրում է»,-ասել է Գ.Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: