Ստամբուլի Շիշլիի հանրային դատախազը «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին եւ թերթի երկու աշխատակիցների, այդ թվում` Դինքի որդուն, «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանք է ներկայացրել` պահանջելով նրանց դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրականի, Դինքը «Ակոս»-ի համարներից մեկում հրապարակել է այս տարվա հուլիսի 21-ին օտարերկրյա ԶԼՄ-ներից մեկին արած հայտարարությունը: «Ես դա սահմանում եմ որպես Ցեղասպանություն, քանի որ արդյունքն ինքն է սահմանում այդ իրադարձությունները եւ անվանում դրանք: Մենք այժմ կարող ենք տեսնել, որ մի ազգ, որն ապրել է այս հողերի վրա 4 հազար տարի, այդ իրադարձություններից հետո հայտնվել է վերանալու շեմին»,-հայտարարել է Դինկը իր հադվածում: Շիշլիի դատարանը անցյալ տարվա հոկտեմբերին Հրանտ Դինքին նույն մեղադրանքով դատապարտել էր կես տարվա պայմանական ազատազրկման, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





