ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ցանկացած միջոցով ազատել Վրաստանում ձերբակալված զինվորականներին: «Մենք պահանջեցինք, որ մեր քաղաքացիներն անմիջապես փոխանցվեն մեզ եւ հստակորեն կհասնենք դրան մեր տնօրինության տակ եղած բոլոր միջոցներով»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը: Ինչպես կարծում է Ս.Լավրովը, «առիթ կա, որպեսզի այս խնդրով սկսի զբաղվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, առավել եւս, որ նաեւ աբխազական հարցերում վրացական ղեկավարությունն անում է նոր սադրիչ քայլեր»: Լավրովը մտահոգություն է հայտնել Վրաստանում կատարված միջադեպի առիթով եւ անվանել է այն «հերթական սադրանք եւ հակառուսական քաղաքականության դրսեւորում»: Հիշեցնենք, որ լրտեսության մեջ կասկածով ռուսաստանցի զինվորականները եւ Վրաստանի քաղաքացիները ձերբակալվել են չորեքշաբթի օրը Թբիլիսիում, Բաթումում եւ երկրի այլ քաղաքներում: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, եւս մեկ ռուսաստանցի, որն իբր մասնակից է լրտեսական գործունեությանը, թաքնվում է Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի (ԱՌԶԽ) շենքում: Այդ շենքը չորեքշաբթի օրը շրջափակվել է եւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին խոստացել է շարունակել շրջափակումն այնքան ժամանակ, մինչեւ որ Կոնստանտին Պիչուգինին չհանձնեն վրացական կողմին: Վրացական իրավապահ մարմինների աշխատակիցները չեն կարող մուտք գործել շենք, քանի որ ԱՌԶԽ տարածքի վրա տարածվում է դիվանագիտական անձեռնմխելիությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:





