Ի հավելումն Հայաստանի եւ Ռուսաստանի ընդհանուր շահերի Երեւանը ժառանգել է նաեւ հարուստ պատմական եւ մշակութային հարաբերություններ Մոսկվայի հետ, որոնք բարելավվում են տասնամյակների, նույնիսկ հարյուրամյակների ընթացքում: Այդ մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Այսօր մենք պահպանում ենք այդ ժառանգությունը ընդհանուր շահերին ծառայեցնելու համար: Մինչ օրս մենք հաջողությամբ պահպանում ենք այդ հարաբերությունները: Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ տնտեսական եւ ռազմական ոլորտում, նաեւ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ: Հայաստանը զարգացնում է համագործակցությունը նաեւ Եվրամիության հետ այն պահից ի վեր, երբ դարձավ եվրոպական հարեւանության քաղաքականության մասնակիցը: Ավելին, մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ` այն օժանդակության պատճառով, որ ստանում է Հայաստանը ԱՄՆ-ից: Մեր երկիրը մասնակցում է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին, ինչը նպաստում է Հայաստանի տնտեսական զարգացմանը: Մենք պահպանում ենք եղած հարաբերությունները եւ զարգացնում դրանք առանց տարաձայնությունների ազգերի եւ նրանց շահերի միջեւ: Մենք աշխատում ենք հավատով, որ տերությունների շահերը հանդիպում են Հայաստանում , բայց չեն բախվում, եւ մենք ջանում ենք խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել մեր գործընկերների անվտանգության համար», հաղորդում է Groong-ը:





