Ընդհանուր առմամբ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ, որոնք զարգացան 1915 թվականի արյունալի իրադարձություններից հետո, որոնց հետ բախվեց հայ ժողովուրդը: Այդ մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, արաբներն ընդունեցին հայերին եւ օգնեցին նրանց ոտքի կանգնել: «Ուստի մենք մեծ հարգանք ենք տածում արաբ ժողովրդի հանդեպ: Շատ տարիներ ի վեր հայերն ու արաբները ապրել են օսմանյան լծի տակ եւ այդ պատմական շրջանն իր անդրադարձն է գտել հայերի եւ արաբների արվեստում եւ գրականության մեջ: Երկու ժողովրդների միջեւ հաստատված երկարատեւ եւ առանձնահատուկ հարաբերությունները պայմաններ ստեղծեցին պետական մակարդակով համագործակցության համար: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք այն արաբական երկրների հետ, որտեղ բնակվում եւ աշխատում են հայերի մի քանի սերունդներ, որոնք ցույց են տվել իրենց որպես որպես աշխատասեր եւ չեզոք ժողովուրդ: Նման դիրքորոշումը հանգեցրեց երկու ժողովրդների միջեւ հարաբերությունների բնական զարգացմանը: Մենք բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները եւ լավ բարեկամ ենք հանդիսանում արաբական երկրների համար: Այդ հարաբերությունները հիմնվում են ոչ թե երկու ժողովրդների շահի վրա, այլ փաստորեն, հայերի եւ արաբների շատ սերունդների հարուստ փորձի վրա»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է Groong-ը:





