Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովում հինգշաբթի օրը ԼՂՀ Սահմանադրության նախագծին նվիրված լսումներ են անցել` պատգամավորական կուսակցությունների եւ խմբավորումների, ինչպես նաեւ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Լսումների ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` կապված ԼՂՀ կառավարման ադմինսիտրատիվ-տարածքային համակարգի զարգացման, կառավարման ձեւավորման մեջ հանրապետության խորհրդարանի դերի, մարդու հիմնարար իրավունքների հետ: Խորհրդարանական լսումների ժամանակ ներկա են եղել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը եւ ԼՂՀ Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը` հանրապետության գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը: Հաստատված ժամանակացույցի համաձայն, ԼՂՀ Սահմանադրության նախագծին նվիրված հերթական խորհրդարանական լսումները կկայանան այսօր` հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:





