AM
27 Հունիս 2015 - 07:48 AMT

Հայաստանը մասնակցել է Եվրոպական աստղագիտական համագումարին Կանարյան կղզիներում

Կանարյան կղզիների Տեներիֆե քաղաքի Լա Լագունայի համալսարանում հունիսի 22-26-ին անցկացվել է Եվրոպական աստղագիտական համագումարը, որը պաշտոնապես կոչվում է «Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ» (European Week of Astronomy and Space Science – EWASS): Այն եվրոպական աստղագետների տարվա գլխավոր իրադարձությունն է և անցկացվում է ամեն տարի եվրոպական երկրներից որևէ մեկում:

Համագումարին մասնակցել է 53 երկրի 1164 աստղագետ, ներառյալ ճանաչված գիտնականներ, եվրոպական աստղագիտական կառույցների ղեկավարներ և մեծ թվով երիտասարդ աստղագետներ: Եվրոպական համագումարի շրջանակներում անցկացվել է 11 գիտաժողով, 23 հատուկ նստաշրջան և 7 հատուկ խորհրդակցություն, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ` 7 պլենար զեկուցում, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) Գլխավոր ասամբլեան (տարեկան հաշվետվությունը և ղեկավար մարմինների ընտրությունները), Եվրոպական աստղագիտության ASTRONET տասնամյակային ռազմավարական ծրագրի խորհրդակցությունը, այլ վարչական նիստեր, եվրոպական աստղագիտական մրցանակների հանձնումը և այլն: Գիտաժողովները և հատուկ նստաշրջանները նվիրված են եղել աստղագիտության ամենատարբեր հարցերին` Արեգակից, մոլորակներից, աստղերից, միգամածություններից և գալակտիկաներից մինչև բազմալիքային աստղագիտություն, տիեզերական մագնիսական դաշտեր և տիեզերական աստղադիտակներով ստացված գիտական արդյունքները: Քննարկվել են նաև աստղագիտական կրթության և սիրողական աստղագիտության հարցերը Եվրոպայում, ինչպես նաև աստղագիտության կապն այլ գիտությունների հետ:

Հայաստանից Եվրոպական աստղագիտական համագումարին մասնակցել է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատակից Արեգ Միքայելյանը: Արտասահմանյան հայազգի աստղագետներից ներկա են եղել Վիկտոր Համբարձումյանի միջազգային գիտական մրցանակի առաջին հաղթող Գարիկ Իսրայելյանը (Կանարյան կղզիների աստղագիտական ինստիտուտ, Իսպանիա), ՀԱԸ 2013թ․ տարեկան մրցանակի հաղթող Ավետ Հարությունյանը (Գալիլեի անվան ազգային աստղադիտակ, Իտալիա) և երիտասարդ աստղագետ Վահագն Հարությունյանը (Հռոմի Սապիենցա համալսարան, Իտալիա): Գարիկ Իսրայելյանը 2010թ․Վիկտոր Համբարձումյանի մրցանակին էր արժանացել շվեյցարացի հանրահայտ աստղագետ Միշել Մայորի և պորտուգալացի աստղագետ Նունու Սանտուշի հետ համատեղ, և այս համագումարում ԵԱԸ գլխավոր՝ Տիխո Բրահեի մրցանակը, հանձնվել է նույնպես Միշել Մայորին։ Նա նույնպես ՀԱԸ անդամ է։ Համագումարին մասնակցել են նաև ՀԱԸ անդամ արտասահմանցի աստղագետներ Միշել Դենեֆելդը (Ֆրանսիա) և Բերնարդ Բրանդլը (Հոլանդիա)։

Տարբեր նստաշրջաններում հայ աստղագետները ներկայացրել են զեկուցումներ և ցուցապաստառներ, ինչպես նաև Արեգ Միքայելյանը մասնակցել է ԵԱԸ խորհրդի և ԵԱԸ անդամ աստղագիտական ընկերությունների համատեղ խորհրդակցությանը: Տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ եվրոպական աստղագիտական կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների` մասնավորապես ԵԱԸ նախագահ Թիերի Կուրվուազիեի, Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) գլխավոր տնօրեն Թիմ դե Զեուի, Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) գիտական ծրագրերի ղեկավար Ալվարո Խիմենեսի, Եվրոպական աստղագիտության ASTRONET տասնամյակային ռազմավարական ծրագրի ղեկավարներ Յոհաննես Անդերսենի և Ռոն Ստարկի, OPTICON կոնսորցիումի ծրագրի ղեկավար Ջոն Դեյվիսի, Եվրոպական աստղագիտական դպրոցների ծրագրի ղեկավար Միշել Դենեֆելդի և այլոց հետ:

Հունիսի 27-ին նշվում է Կանարյան կղզիների աստղագիտական ինստիտուտի 30-ամյակը։ Արարողությանը մասնակցելու է Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը, ինչը վկայում է այդ երկրում գիտության և մասնավորապես՝ աստղագիտության, բարձր վարկանիշի մասին։

ԵԱԸ հիմնադրվել է 1990 թ., իր կազմում ունի 25 ազգային աստղագիտական ընկերություն (այդ թվում և ՀԱԸ) և շուրջ 1100 անհատ անդամ, իր գործունեությամբ կոորդինացնում է եվրոպական աստղագիտությունը, տարեկան անցկացնում է համագումարներ, ունի տարեկան մրցանակներ ճանաչված և երիտասարդ աստղագետների համար: 2007 թ. ԵԱԸ համագումարն անցկացվել է Հայաստանում, որը մեր երկրում երբևէ անցկացված ամենախոշոր գիտական իրադարձությունն էր:

ԵԱԸ հաջորդ համագումարը կանցնի 2016թ. հուլիսին Աթենքում (Հունաստան), իսկ 2017թ.` Պրագայում (Չեխիա):