AM
3 Հոկտեմբեր 2006 - 14:06 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն չի պատկերացնում ռազմական սցենար ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահները ժամանել են տարածաշրջան բանակցային գործընթացն ինտենսիֆիկացնելու նպատակով: Այդ մասին միջնորդները հայտարարել են հոկտեմբերի 2-ին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների արդյունքներին: «Ներկայիս այցելության հիմնական նպատակն է վերականգնել հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ»,-հայտարարել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Դիվանագետը, նշելով ամառվա ընթացքում առաջացած դադարը բանակցային գործընթացում, մատնանշել է այժմ նկատվող աշխուժացումը գործընթացում: ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը նույնպես հայտարարեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի շփումները վերականգնելու անհրաժեշտության մասին: «Բանակցություններն Ադրբեջանում կայացան, այնուհետեւ մենք ուղեւորվում ենք Երեւան, այնուհետեւ կարող ենք հայտարարել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետի եւ վայրի մասին, իսկ հետո կկարողանանք խոսել երկու երկրների նախագահների հանդիպման մասին»,-ընդգծել է նա:
Ֆրանսիացի միջնորդ Բերնար Ֆասյեի խոսքերով, շատ դժվար է հաղթահարել առկա տարաձայնությունները կողմերի դիրքորոշման հարցում: «Առաջիկա հանդիպումներն ուղղված կլինեն հակասությունների հանգուցալուծմանը: Ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, որ Ֆրանսիան չեն պատկերացնում ռազմական սցենար ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,-հայտարարել է Ֆասյեն, հաղորդում է Day.az-ը: