AM
5 Հոկտեմբեր 2006 - 09:00 AMT

Հրդեհներ Ղարաբաղում. ԵԱՀԿ առաքելությունը հետաձգվել է ղարաբաղյան կողմի պահանջով

«Մենք ցավում ենք, որ ԵԱՀԿ կողմից անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել հրդեհների հետեւանքով տուժած տարածքներում էկոլոգիական իրավիճակը գնահատելու նպատակով ստեղծված ԵԱՀԿ առաքելության կազմում ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության համար: Սակայն դա չի բացառում տվյալ դիտարկմանը ղարաբաղյան փորձագետների մասնակցության հնարավորությունը եւ, առաքելությանը ԼՂՀ ներկայացուցիչների միանալու կապակցությամբ, նրա իրականացումը հետաձգվել է մի քանի օրով»,-հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը` պատասխանելով Բաքվից` հրդեհների վայր ԵԱՀԿ փորձագիտական խմբի ժամանման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի գործողությունների վերաբերյալ լրագրողների հարցին:

Գեորգի Պետրոսյանը նաեւ հաղորդեց, որ ԼՂՀ ԱԳՆ-ն նոտա է հղել ԵԱՀԿ հասցեով, որտեղ հստակորեն արտահայտվել է հանրապետության ղեկավարության դիրքորոշումը դիտարկմանը ԼՂՀ փորձագետների մասնակցության վերաբերյալ: «Տարածքների մի մասը, որտեղ նախատեսվում է դիտարկում անցկացնել, գտնվում են ԼՂՀ ենթադատության տակ, ինչն արդեն լուրջ հիմք է հակառակ կողմում անցկացվող դիտարկմանը մեր մասնակցության համար»,-ընդգծել է նախարարը:

ԼՂՀ իշխանություննների տրամադրության տակ գտնվող հավաստի տեղեկություններով, Ադրբեջանի կողմից օկուպացված Ղարաբաղի տարածքներում տագնապահարույց իրավիճակ է ստեղծվելէ` զանգվածաբար ոչննչացվում են Շահումյանի շրջանի անտառները, լրջորեն խախտվել է Մարտունու շրջանի արեւելյան մասի էկոլոգիական հավասարակշռությունը, որտեղ վնասվել է հողի կառուցվածքը եւ միկրոֆլորան, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Մինչդեռ, ըստ ԼՂՀ ԱԳՆ-ից տացված տվյալների, հոկտեմբերի 5-ի առավոտյան ԵԱՀԿ առաքելությունը, ԼՂՀ փորձագետների մասնակցությամբ, սկսել է ԱՀ եւ ԼՂՀ ԶՈՒ շփման գծին հարող տարածքներում բնապահպանական իրավիճակի գնահատման իր աշխատանքը: Ներկա պահին դիտարկումն այդ տարածքներում իրականացվում է ադրբեջանական կողմից: