Իրավիճակը Սամցխե-Ջավախքում հանգիստ է: Ճիշտ է, վաստակի մեկնածներից ոչ ոք չի վերադառնում, նրանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն: Վրաց-ռուսական հարաբերությունների սրման պատճառով, սպասվում էր, որ կարող են դժվարություններ առաջանալ բանկերի միջոցով դրամի փոխանցումների հարցում, սակայն Ախալքալաքում այդ առումով դեռեւս ամեն ինչ նորմալ է: Բոլորը փոփոխություններ են ակնկալում, բայց դրանք չկան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Ախալքալաքի hos.am էլեկտրոնային թերթի խմբագիր Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքերով, հոկտեմբերի 5-ին սկսվել են տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունները, եւ այստեղ «սատանան էլ կխճճվի, մինչեւ հասկան, թե ինչն ինչոց է»: Ախալքալաքում առաջադրվում են երկու կուսակցություններ եւ թեկնածուներ մեծամասնական ցուցակով: Կուսակցությունները դա իշխող «Միասնական ազգային շարժումն է» եւ «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը», որն ընդդիմադիր է համարվում: «Միասնական բլոկով հանդես եկող ընդդիամդիրների ու մեծամասնականների հաղթելու շանսերը շատ թույլ են 20%-ը 80-ի: Ճիշտ է դա զուտ իմ անձնական կարծիքն է, քանի որ վարչական ճնշումը շատ է զգացվում, դե ժամանակը ցույց կտա: 62-րդ ռազմակայանից ձերբակալված զինծառայողներ չկան, թեեւ «լրտեսական սկանդալի» ժամանակ մի քանի զինծառայողներ Ախալքալաքի ռազմակայանից Թբիլիսիում էին, այն էլ զինվորական համազգեստով»,-ասել է Գրիգորյանը:





